ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սփյուռքահայերից շատերը կոչ են անում դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնությունը

Սփյուռքահայերից շատերը կոչ են անում դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնությունը
19.08.2008 | 00:00

ՄԵԾ Է ԱՅԼ ԱԶԳԵՐԻՆ ՁՈՒԼՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ
Հայկական սփյուռքում այսօր մեծ է այլ ազգերին ձուլվելու վտանգը։ Հայապահպանությամբ մտահոգ թերևս միակ օղակը եկեղեցին և փոքրաթիվ հայկական դպրոցներն են։ Մեր զրուցակիցները՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը և Փասադենայի երկրորդական վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Նորայր Տատրյանը, ներկայացնում են ֆրանսահայ և ամերիկահայ համայնքներում հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ըստ Հիլդա Գալֆայան-Փանոսյանի՝ մարդուն հայ պահողը հայոց լեզուն է, հայեցի մտածողությունը։ Սակայն, ցավոք, ֆրանսահայերի փոքր տոկոսն է տիրապետում մայրենի լեզվին։ 450-500 հազար հայություն ունեցող Ֆրանսիայում այսօր գործում է հայկական 6 ամենօրյա վարժարան, որոնցից երկուսն ավագ դպրոց են (Փարիզի դպրոցասեր վարժարանն ու Մարսելի համազգային վարժարանը), ևս չորսը հանրակրթական մակարդակ ունեն։ Բացի այդ, Ֆրանսիայի շատ թաղամասերում գործում են մեկօրյա վարժարաններ։ «Մեկօրյա բառն այս կրթօջախների դեպքում օգտագործելը սխալ է, քանի որ երեխաներն այնտեղ ուսանում են մեկ, առավելագույն դեպքում երկու ժամ»,- նկատում է Հ. Գալֆայան-Փանոսյանը։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ամենօրյա և մեկօրյա հայկական դպրոցներում սովորում է մոտ 1700 երեխա։ Հայոց լեզվի դասավանդման մակարդակն էլ այս դպրոցներում խիստ մտահոգիչ է։ ՈՒսուցիչները հիմնականում արևելյան երկրներում ծնված և հայկական կրթություն ստացած անձինք են, որոնք, սակայն, ո՛չ մանկավարժներ են, ո՛չ համալսարանական կրթություն ունեն և ո՛չ էլ որևէ առնչություն բանասիրության հետ։ Ասել է թե` հայերեն գրել-կարդալ իմանալը բավարար պայման է համարվում հայկական դպրոցներում հայոց լեզու և գրականություն դասավանդելու համար։ «ՈՒսուցիչների իմացած հայերենն Արևելքի հայկական ամենօրյա վարժարաններում դասավանդվող հանրակրթական հայերենն է։ Եվ այդ գիտելիքներով պետք է դասավանդեն Արևմուտքի պայմաններում մեծացած երեխային, որն առանձնապես շահագրգռվածություն էլ չունի հայերեն սովորելու, որովհետև շրջապատն օտարախոս է։ Երեխային հայկական վարժարան ուղարկողները հիմնականում մեծ հայրիկը, մեծ մայրիկը կամ, լավագույն դեպքում, ծնողներն են։ Պարզապես խղճի հանգստության համար նրան ուղարկում են հայկական վարժարան՝ այդպիսով իրենց պարտքը համարելով կատարված։ Եվ ի վիճակի էլ չեն տարբերելու՝ վարժարանում լա՞վ են սովորեցնում, թե՞ վատ»,- նկատում է Հ. Գալֆայան-Փանոսյանը։
Սփյուռքում հայերենի դասավանդման հատուկ ծրագրեր, դասագրքեր գոյություն չունեն։ Մայրենին այստեղ դասավանդվում է, կարելի է ասել, տարերայնորեն։ Աշակերտներն ուսումնասիրում են այն գրողների ստեղծագործությունները, ովքեր ուսուցիչների նախասիրությունների տիրույթում են։ Բացի այդ, աշակերտությունը հայկական վարժարաններում բազմամակարդակ է, իսկ այս պայմաններում կրթություն կազմակերպելն առավել դժվար է։ Գոյություն չունեն համապատասխան միջոցներ, ռեսուրսներ, որպեսզի նրանք բաժանվեն տարբեր դասարանների, և ուսուցումը տարվի համապատասխան ուղղությամբ։ Ինչպես յուրաքանչյուր սփյուռքահայ ուսուցիչ, Հ. Գալֆայան-Փանոսյանը ևս ունի հայոց լեզվի դասավանդման սեփական մեթոդը։ 18 տարիների փորձի վրա հենվելով՝ նա ստեղծել է օտարախոսների համար հայերենի ձեռնարկ և 50 ժամյա պարապմունքների շնորհիվ օտարախոս երեխային սովորեցնում է հայերեն։
Սորբոնի համալսարանի պրոֆեսորի ցանկությունն է, որ հայաստանյան դպրոցներում աստիճանաբար, որպես պարտադիր առարկա, մտցվի նաև արևմտահայերենը։ Արևմտահայերենն այսօր պետական հովանավորության կարիք ունի, այլապես նրա հետագա գոյությունն իրապես վտանգված է։ Ավելին, ըստ տիկին Հիլդայի, այսպիսով հնարավոր կլինի Հայաստանի հետ է՛լ ավելի սերտորեն կապել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնցից շատերն անգամ հակաքարոզչությամբ են զբաղվում՝ կոչ անելով դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնությունը կամ ներդրումները՝ նշելով, թե Հայաստանը չի ցանկանում զբաղվել սփյուռքով։ «Նման մոտեցումները մենք ընդունում ենք որպես դավաճանություն։ Բայց այդ միտումը կա, գոյություն ունի, և պետք է իմանան այդ մասին։ Եվ եթե արևելահայերենին զուգահեռ Հայաստանում դասավանդվի նաև արևմտահայերեն, բոլորովին այլ որակի սփյուռք կգտնեք ձեր առջև՝ հոգով, մարմնով իր հայրենիքը զգացող սփյուռք։ Այդ ժամանակ ձուլման վտանգն էլ կմեղմվի»,- նկատում է Սորբոնի համալսարանի պրոֆեսորը։
Գրեթե նույն մտահոգություններն ունի նաև Նորայր Տատրյանը, ով ծնվել և մեծացել է Ստամբուլում, մասնագիտությամբ փիլիսոփա է, սակայն Լոս Անջելեսում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորակառույց երկրորդական վարժարանում արդեն 2-րդ տարին դասավանդում է հայոց լեզու և գրականություն։ Երկամյա պատմություն ունեցող դպրոցն օգտագործում է Մուշեղ Իշխանի և Հարություն Քյուրքչյանի հեղինակած դասագրքերը։ Դպրոցն ամենօրյա է, աշխատանքը սկսել է 50 աշակերտով, սակայն այս սեպտեմբերին բարձրագույն այս վարժարան մուտք կգործի 110 աշակերտ։ Աշակերտների թվի ավելացումը Ն. Տատրյանը պայմանավորում է դասավանդման բարձր մակարդակով։ Ավելին, տնօրենությունը որոշել է կասեցնել սաների թվի ավելացումը՝ ուսման որակը բարձր պահելու համար։ Ամերիկահայ այս դպրոցում հավասարապես ուսումնասիրում են արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործությունները։ Երկու լեզուներն էլ հավասարապես քարոզվում են որպես մայրենի լեզու։ Ն. Տատրյանն իր և սփյուռքի գործընկերների անունից ցանկություն հայտնեց ունենալու միասնական դասագրքեր և ծրագրեր։
Սփյուռքահայ ուսուցիչներն աշխարհի որ կետում էլ լինեն, նույն մտահոգություններն ու նույն ակնկալիքներն ունեն Հայաստանից։ Նրանք մեծ հույսեր են կապում նոր ստեղծվելիք սփյուռքի նախարարության հետ։ Ապագա նախարարի հետ հանդիպման ժամանակ մեծ խոստումներ են հնչել, մնում է այդ խոստումներն ու ծրագրերն իրականություն դարձնել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9045

Մեկնաբանություններ